Ucom-ը նոր տնօրեն ունի՝ Արա Խաչատրյանն է

Ucom-ը նոր տնօրեն ունի՝  Արա Խաչատրյանն է

PanARMENIAN.Net - Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունը նոր տնօրեն ունի։ Ապրիլի 14-ին՝ հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։

Արա Խաչատրյանը որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019-ի դեկտեմբերի 25-ին։

Ընկերությունից հայտնում են, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են եղել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստն ընդունում է որպես քննարկում և չի մասնակցում դրան, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ։

Ucom-ում նշում են՝ ըստ ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերության գլխավոր տնօրենին նշանակում և ազատում է Տնօրենների խորհուրդը։ Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը:

Խաչատրյանը տնօրենի պաշտոնում է նշանակվել ապրիլի 14-ից և ՀՀ օրենսդրության համաձայն՝ Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և իր կողմից լիազորված անձինք։

Ucom-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել են գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։

Ավելի ուշ Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձում ասել էր, որ բաժնետոմսերը գնելու համար ներգրավելու են վարկային միջոցներ, թողարկելու են պարտատոմսեր, իսկ ընկերության բաժնետոմսերի 20%-ը վաճառվելու է աշխատակիցներին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---