Հոգևորականները՝ եկեղեցու ու պետության միջև վերջին կոնֆլիկտի մասին

Հոգևորականները՝ եկեղեցու ու պետության միջև վերջին կոնֆլիկտի մասին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունը, որով նա կարևորել էր համավարակի տարածման շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կտրուկ հակազդեցության արժանացավ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Կաթողիկոսի հայտարարությանն արձագանքել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ քննադատելով այն։Դրանից հետո եկեղեցականների և իշխանության ներկայացուցիչների միջև փոխադարձ մեղադրանքներ են հնչում։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Վեհափառի հորդորին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգն ավելի ուշ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Քոչարյանի ազատության վերաբերյալ կաթողիկոսի անդրադարձը ենթատեքստից կտրված և այլափոխված է ներկայացվում. հարկ է չքաղաքականացնել այն։

Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Armdaily-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների արձագանքին, ասել է, որ անհամաձայնությունը պետք է արտահայտել պարկեշտության և պատշաճության սահմաններում։ «ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոն զբաղեցնող անձը չի կարող իրեն պահել փողոցում պպզող թմրամոլի պես, Հանրային խորհրդի նախագահը չի կարող իրեն պահել փողոցային խուլիգանի պես... ինչ-որ ակվարիումում երևացող Ալեն Սիմոնյանը պետք է տարբերվի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, ընդդիմադիր Ստյոպա Սաֆարյանը պետք է տարբերվի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից կամ փողոցում զբոսնող աղջնակը պետք է տարբերվի կառավարության մամլո խոսնակից։ Դրանք տարբեր հարթություններ են, այդ մարդիկ չեն հասկացե՞լ, չգիտե՞ն՝ հիմա իրենք ինչ հանգամանք են զբաղեցնում»,-ասել է նա։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ի պատասխան կաթողիկոսի հասցեին հնչած հայտարարությունները «մառազմատիկ բնույթ են կրում»։

Կաթողիկոսի հասցեին հնչեցված գնահատականները մեծ արձագանք ստացան նաև Սփյուռքում և ՀԱԵ տարբեր թեմերում։

Ֆրանսիայի Թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ` նշելով, որ մեծ ցավով են ընթերցել Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հասցեին այս օրերին մամուլում տեղ գտած «անպատկառ արտահայտություններով համեմված հոդվածներ»։

Նշվում է, որ ՀՀ անկախությունից ի վեր այսպիսի «սանձարձակ հարձակումների» երբեք չէր ենթարկվել Եկեղեցին։ «Բազմիցս իրեն մեր Եկեղեցու զավակ հռչակած Ալեն Սիմոնյանի և մյուսներին հորդորում ենք վերագտնել հավատարիմ որդու և նվիրյալ զավակի իրենց ընթացքը և ձեռնարկել քայլեր՝ շտկելու մոլորյալի իրենց կեցվածքը»,-ասվում է հայտարարության մեջ։

Կանադահայ թեմի հոգևորականների մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորը հուսախաբությամբ է ականատես դառնում Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «սանձարձակ ու անբարո քարոզարշավի»։ «Բոլորս դեռ չենք մոռացել իշխանափոխության օրերի բարձրագոչ հայտարարությունները, թե «Նոր Հայաստանի մեջ» ամեն ինչ իրավական պիտի լինի։ Ցավոք քչերը կարողացան ըմբռնել, որ ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի քրիստոնյա Հայաստանի հետ»,- ասվում է հոգևորականների հորդորում։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, դիմելով հոգևորականներին, ասել է, որ այժմ ավելի քան երբևէ հայ եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի՝ ծառայելով նրան, հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---