Նախագահը Ծիծեռնակաբերդի տարածքում Հիշողության այգի հիմնելու գաղափար ունի

Նախագահը Ծիծեռնակաբերդի տարածքում Հիշողության այգի հիմնելու գաղափար ունի

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդի տարածքում Հիշողության այգի՝ «Հայ պարկ» հիմնելու առաջարկ ունի։ Այդ մասին նա խոսել է «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Շուտով ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․․․ Այս առաջարկի մասին դեռ տարիներ առաջ էի մտածում: Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, եթե չեմ սխալվում, մոտ 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ 103 հեկտարով»։

Ըստ նախագահի՝ այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն պատմական հայրենիքի շրջանները, օրինակ՝ Վանը, Էրզրումը և այլն։

«Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանն՝ ամբողջ աշխարհով ապրող մեր հայ ժողովրդին, ենթադրենք՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի հայ համայնքները։ Երրորդը՝ մեր հայրենիքի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցներն, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։

Գեղեցիկ կլինի՝ եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ․․․ Այգու առանձին կտորները բաժանելով և անուններ տալով, կարող ենք քաջալերել, որ օրինակ՝ վանեցիները վերցնեն այգու Վանա տարածքը և մշակեն։ Սա կդառնա համազգային այգի, հայկական այգի, Հայ պարկ», - նշել է նա:

Սարգսյանը կարևորել է, որ այգին մնա այգի և չդառնա ռեստորանների շարք։ Նա նշել է, որ ժամանակին այս գաղափարը քննարկել է Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկի հետ, որի գրասենյակը նույնիսկ ձևակերպել է գաղափարը:

«Կառավարությանը, վարչապետին և քաղաքապետին իմ նամակով առաջարկել եմ, որպեսզի այս հարցը քննարկենք․․․ Մենք աշխարհին ցույց կտանք, որ այս դժբախտությունից ճիշտ եզրակացություն ենք արել և Երևանին նոր թոքեր կպարգևենք․․․Կարծում եմ՝ նույնը կարող ենք անել Գյումրիում կամ մյուս քաղաքներում, որոնք կարիք ունեն այգիների»,- ասել է նա:

Նախագահի խոսքով՝ «Հայ պարկի» հիմնման գաղափարը համազգային ծրագիր է։

«Եթե կառավարությունը, քաղաքապետարանը հաստատեցին այդ գաղափարը, ես ինքս անձամբ, որպես նախագահական նախաձեռնություն կլծվեմ դրամահավաքին և աշխատանքների կազմակերպմանը»,-ասել է նա։

Ապրիլի 24-ին Հայաստանում և աշխարհի բոլոր հայ համայնքներում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---