Վարչապետի խոսնակը՝ Ucom-ի մասին. Խաչատրյանների բաժնեմասը պետք է վաճառվեր, միայն եթե գումարը փոխանցվեր պետբյուջե

Վարչապետի խոսնակը՝ Ucom-ի մասին. Խաչատրյանների բաժնեմասը պետք է վաճառվեր, միայն եթե գումարը փոխանցվեր պետբյուջե

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության տվյալներով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն ունեն, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ այդ «թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը», հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Գևորգյանը նշել է, թե Խաչատրյանի ընտանիքն ի պատասխան ՀՀ վարչապետի ելույթների, թե կոռումպացված պաշտոնատար անձանց կողմից «Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի», պատրաստակամություն է հայտնել վերադարձնել «իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը»:

«Ինչ վերաբերվում է Ucom ընկերությանը, դրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ամբողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումն ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ամբողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները»,- գրել է Գևորգյանը։

Ապրիլի 28-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, ըստ որի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը: Խաչատրյանը նշել է, թե իրենց հանդեպ սպառնալիքները հասել են այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինեն համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով։

Մինչև այդ ԱԱԾ-ն, առանց կոնկրետ անուններ նշելու, հաղորդագրություն էր տարածել, ըստ որի 2011-ին ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` $22-ից ավելի կաշառք։ 2011 թվականին ՊԵԿ նախագահը Գագիկ Խաչատրյանն էր, ով այժմ կալանավորված է և մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու և մեկ այլ գործով։

Ըստ խոսնակի՝ վարչապետ Փաշինյանը «առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների»:

«Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետն ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով»,- գրել է Գևորգյանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ևս 2019-ի վերջին մեղադրանք է առաջադրվել դիզվառելիքի գործով։ Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---