IRC․ Ճգնաժամային երկրներում Covid-19-ով վարակվածների թիվը կարող է 1 մլրդ-ի հասնել

IRC․ Ճգնաժամային երկրներում Covid-19-ով վարակվածների թիվը կարող է 1 մլրդ-ի հասնել

PanARMENIAN.Net - Աշխարհի 34 երկրի մոտ 3,2 մլն բնակիչ կարող է մահանալ կորոնավիրուսի համաճարակից, իսկ վարակվածների ընդհանուր թիվն այդ երկրներում կարող է հասնել 1 միլիարդի։ Ապրիլի 27-ին Նյու Յորքում նման կանխատեսում է հրապարակել միջազգային հումանիտար International Rescue Committee (IRC) կազմակերպությունը։

Ըստ փորձագետների՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Աֆղանստանն ու Սիրիան նման զարգացումը կանխելու համար շատ քիչ ժամանակ է մնում։ Առավել բարգավաճ երկրները պետք է ֆինանսական օգնություն ցուցաբերեն այդ երկրներին, գրում է Deustche Welle-ն։

Ըստ IRC-ի՝ փախստականների ճամբարները Սիրիայում, Հունաստանում և Բանգլադեշում առավել խիտ բնակեցված տարածքներ են, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելն ուղղակի անհնար է։ Մյուս կողմից, պարետային ժամը կամ հեռավորություն պահպանելու պահանջն այն երկրներում, որտեղ չկա բնակչության սոցիալական ապահովության կայուն համակարգ, կարող է հանգեցնել մարդկանց էլ ավելի աղքատացման։

IRC-ի նախագահ Դևիդ Միլիբենդը կոչ է արել դոնոր երկրներին հոգ տանել, որպեսզի պատերամզներից տառապող երկրներում մարդկանց հասու լինեն պաշտպանական հագուստն ու ձեռքերի լվացման կետերը, և նրանք կարողանան թեստավորվել։

Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը, մահվան դեպքերը՝ 208,000-ը։ Մոտ 879,000 մարդ ապաքինվել է:

Covid-19-ի համաճարակի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---