Սիմոնյան․ Խորհրդարանական բոլոր երկրներում ծեծկռտուք լինում է, Միքայելյանը չպետք է մանդատը վայր դնի

Սիմոնյան․ Խորհրդարանական բոլոր երկրներում ծեծկռտուք լինում է, Միքայելյանը չպետք է մանդատը վայր դնի

PanARMENIAN.Net - Խորհրդարանական բոլոր երկրներում ծեծկռտուքի դեպքեր եղել են, սակայն որևէ մեկի մանդատը վայր դնելու հարցը չպետք է քննարկվի, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքի։

Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց:

Իշխող կուսակցության վարկանիշի վրա միջադեպի հնարավոր ազդեցության մասին հարցին Սիմոնյանն արձագանքել է, որ իրենք պետք է անհանգստանան ընտրությունների ժամանակ, եթե քաղաքացիները համարեն, որ չպետք է քվեարկեն։

«Եթե կգտնեն, որ պետք է քվեարկել Էդմոն Մարուքյանի օգտին, կքվեարկեն։ Ես Հայաստանն օրենքի երկիր եմ համարում, այդպես են կարծում նաև միջազգային կառույցները։ Կարո՞ղ եք ասել՝ որ երկրում նման դեպք չի եղել։ Կարո՞ղ եք ասել մի երկիր, որտեղ օրենք կա և նման դեպք չի եղել։ Բոլոր պառլամենտական երկրներում նման ցավալի դեպքեր եղել են։ Նման դեպքեր եղել են Անգլիայի, Ֆրանսիայի պառլամենտներում, և մնացած բոլոր տեղերում։ Ես ցավում եմ տեղի ունեցածի համար, սադրանքին պետք էր չտրվել»,- ասել է Սիմոնյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ https://www.youtube.com/watch?v=pRJBhXccOic

Նա նաև վստահություն է հայտնել, որ ԼՀԿ-ն գործակցում է նախկին իշխանության հետ և հորդորել դիտարկել այդ խմբակցության գործունեությունը՝ հավելելով, որ իրենք դատապարտում են նման միջադեպը։

Ըստ նրա՝ միջադեպը պլանավորված սադրանք է եղել, և ամեն ինչ սկսվել է ապօրինի գույքի հետ կապված օրենքից ու շարունակվել դահլիճում սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելուց, ապա՝ փողոցում։

Կրկին արձագանքելով մանդատը վայր դնելու հարցին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է՝ Սասուն Միքայելյանն իր մանդատը չպետք է վայր դնի, Մարուքյանն ու Անի Սամսոնյանը՝ կարող են։

«Սամսոնյանն ու Մարուքյանը պետք է ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեն, հետո՝ ինձնից ներողություն խնդրեն այն մակարդակի համար, որին իրենք մի քանի օր առաջ և այսօր իջեցրին խորհրդարանը։ Մեր մեղքը, չակերտավոր, նրա մեջ է որ մենք այդ սադրանքին, ցավոք սրտի, տրվեցինք»,- ասել է Սիմոնյանը։

Նա նշել է նաև, որ Արտակ Մանուկյանը չի հարվածել Մարուքյանին, իսկ Վահե Ղալումյանի նկատմամբ բռնություն է կիրառվել․ պատգամավորներից մեկը տեսել է՝ ինչպես են նրան ոտքերով հարվածել։

Իշխող խմբակցության ու ԼՀԿ-ի միջև վերջին շրջանում բանավեճերն ԱԺ-ում շատացել են։ Ավելի վաղ, բանավեճ էին ունեցել նաև Մարուքյանն ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն արձագանքել էր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի ելույթին, Մարուքյանի և Սիմոնայնի միջև փոխադարձ վիրավորանքներ էին հնչել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---