ԼՀԿ-ն չի մասնակցում ԱԺ նիստին. Վարչապետին բռնության խրախուսման մեջ է մեղադրում

ԼՀԿ-ն չի մասնակցում ԱԺ նիստին. Վարչապետին բռնության խրախուսման մեջ է մեղադրում

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ի միջադեպից հետո ԱԺ դահլիճը լքած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում խորհրդարանի մայիսի 11-ի աշխատանքներին։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ, ասվում է, թե «տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով»։

«Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո'ք, վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։

Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ», - ասվում է հայտարարությունում։

«Ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարները, արժեքներն ու սկզբունքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր և կեղծ՝ չհիմնված որևէ փաստի վրա։ Նա իր և իր քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատությունները որակեց որպես իշխանության նկատմամբ հոգեբանական բռնություն, ավելին՝ ընդդիմախոսներին պիտակավորեց որպես «նախկինների» խորհրդարանական ներկայացուցիչներ։ Վերոհիշյալ կեղծիքի միջոցով Փաշինյանը փորձեց արդարացնել բռնությունը, քանի որ իր թիմի պատկերացրած դեգրադացված իրականության մեջ «նախկինների» նկատմամբ բռնությունը լեգիտիմ ընկալում ունի իր թիմակիցների և համախոհների կողմից։

Այսպիսով, վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում», - ասվում է հայտարարությունում։

Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության և քաղաքական անհասունության մասին։

«Սա ամբողջատիրական մտածողության դրսևորում է, ինչի վերջնական հանգրվանը կոշտ ավտորիտարիզմն է։ Ընդամենը երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի», - ասվում է հայտարարությունում։

Մայիսի 6-ին Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարել էր, որ հակաճգնաժամային օգնության են դիմել նաև 20 մլն դրամ և ավելի ավանդներ ունեցող մարդիկ, ինչին ի պատասխան հնչել էին բանկային գաղտնիքի հրապարակման մասին կասկածներ։ Մայիսի 8-ին «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով դրան, հայտարարել էր, որ մասնագետ համարվող մարդիկ, ովքեր այդ մեղադրանքներն էին տարածում, կամ բութ են, կամ սրիկա։ Դրան ի պատասխան Էդմոն Մարուքյանը ելույթում՝ նախազգուշացնելով Թունյանին, որ չարժե նման բառապաշար օգտագործել, իր խոսքը սկսեց ափսոսանքից, որ ստիպված է «վայրկյաններ ծախսել» Թունյանին արձագանքելու համար։ «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը տեղից սկսեց արձագանքել Մարուքյանին, նրանց միջև լեզվակռիվ սկսվեց, որից հետո Միքայելյանը հարվածեց Մարուքյանին, որին հաջորդեց պատգամավորների միջև քաշքշուկը: ԼՀԿ-ականին հարվածեցին նաև իմքայլական Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վարչապետը դրան հետևած ելույթում դատապարտեց բռնությունը, սակայն հայտարարեց նաև, որ տեղի ունեցածն իշխանության հանդեպ «քստմնելի սադրանք» էր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---