Մակունց․ Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի Էդմոն Մարուքյանը

Մակունց․ Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի Էդմոն Մարուքյանը

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իմ քայլն» ունի հստակ դիրքորոշում առ այն, թե ինչ քաղաքական հետևանքներ պիտի ունենա ուրբաթ օրն ԱԺ-ում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծագած ծեծկռտուքը», - հայտարարել է Մակունցը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ մանդատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնը կանեն նաև ԼՀԿ-ական Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը։

«Սա է մեր դիրքորոշումը։ Սա է արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա», - ասել է Մակունցը։

Մայիսի 8-ին խորհրդարանում միջադեպից հետո ԼՀԿ-ն չի մասնակցում ԱԺ նիստերին։ Ծեծկռտուքից հետո ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր, թե խմբակցությունը կլքի նիստերի դահլիճն ու չի վերադառնա, քանի դեռ տեղի ունեցածը չի արժանանա քաղաքական գնահատականի։

Կուսակցությունը նաև հայտարարություն է տարածել, որտեղ, ասվում է, թե «նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց ՀՀ թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով»։

Մայիսի 6-ին Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարել էր, որ հակաճգնաժամային օգնության են դիմել նաև 20 մլն դրամ և ավելի ավանդներ ունեցող մարդիկ, ինչին ի պատասխան հնչել էին բանկային գաղտնիքի հրապարակման մասին կասկածներ։ Մայիսի 8-ին «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով դրան, հայտարարել էր, որ մասնագետ համարվող մարդիկ, ովքեր այդ մեղադրանքներն էին տարածում, կամ բութ են, կամ սրիկա։ Դրան ի պատասխան Մարուքյանը ելույթում՝ նախազգուշացնելով Թունյանին, որ չարժե նման բառապաշար օգտագործել, իր խոսքը սկսեց ափսոսանքից, որ ստիպված է «վայրկյաններ ծախսել» Թունյանին արձագանքելու համար։ «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը տեղից սկսել էր արձագանքել Մարուքյանին, նրանց միջև լեզվակռիվ էր սկսվել, որից հետո Միքայելյանը հարվածել էր Մարուքյանին, որին հաջորդել էր պատգամավորների միջև քաշքշուկը: ԼՀԿ-ականին հարվածել էին նաև իմքայլական Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վարչապետը դրան հետևած ելույթում դատապարտել էր բռնությունը, սակայն հայտարարել, որ տեղի ունեցածն իշխանության հանդեպ «քստմնելի սադրանք» էր։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---