50 մլն դրամ՝ փոքր բիզնեսի աջակցության 50 ծրագրի համար

50 մլն դրամ՝ փոքր բիզնեսի աջակցության 50 ծրագրի համար

PanARMENIAN.Net - 2020-ին փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն կստանա 50 գործազուրկ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն դրամ, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Շահառուները աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, իսկ ծրագրի նպատակն է ապահովել ծրագրում ընդգրկվածների կայուն զբաղվածությունը և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր:

Եվս 10 մլն դրամ հատկացվել է խորհրդատու կազմակերպության ծառայություն ձեռք բերելու նպատակով: Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տեղաշարժման սահմանափակումները պահպանելու, միաժամանակ ծրագրերի ֆինանսավորումը չուշացնելու նպատակով` խորհրդատու կազմակերպության՝ «Աութսորս» ՍՊԸ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծրագրի առաջին փուլը՝ մեկամսյա խորհրդատվական դասընթացը, կազմակերպելու հեռավար: Այս պահին կազմակերպության կողմից ուսուցում է անցնում 33 մարդ:

Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ իրականացվում է դասընթաց, աջակցություն է ցուցաբերվում բիզնես-պլաններ կազմելու հարցում, գնահատվում ներկայացված բիզնես-պլանները, որից հետո 1 տարի շարունակ ուղեկցվում է ֆինանսավորված բիզնեսների գործունեությունը: Սահմանված ընթացակարգի համաձայն՝ Զբաղվածության պետական գործակալության կողմից ֆինանսավորում են միայն Խորհրդատու կազմակերպության դրական գնահատականին արժանացած ծրագրերը:

Խորհրդատու կազմակերպության կողմից այս պահին շարունակվում է 2019-ին ծրագրում ընդգրկված ևս 79 անձի բիզնես գործունեության ուղեկցումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---