Պատգամավորը՝ Լանսարոտեի կոնվենցիայի մասին․ Երեխաները կսովորեն օգնության դիմել, ճանաչել վտանգը

Պատգամավորը՝ Լանսարոտեի կոնվենցիայի մասին․ Երեխաները կսովորեն օգնության դիմել, ճանաչել վտանգը

PanARMENIAN.Net - Լանսարոտեի կոնվենցիայի՝ սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու կամ մանկապղծության դեմ դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը, այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաների սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու, ինքնապաշտպանվելու ունակություններ տալու համար, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմխելիությունը: Սրանք դժվար բառեր են և դժվարամարս են որոշ չափահասների համար, ուր մնաց` փոքրերի: Այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, ունակություններին, հետաքրքրություններին համապատասխան ունակությունների տրամադրումն է, թե հնարավոր վտանգի դեպքում ինչպես ճանաչել այդ ազդանշանները և ինչպես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասկաներից, որ իրենց սեռական անձեռնմխեիլությունը անվտանգ լինի»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Կարապետյանը նշել է, թե երեխաները պետք է իրենց տարիքին համապատասխան գիտելիքներ ստանան, որպեսզի 17-18 տարեկանում, երբ ամենախոցելի շրջանում են, պաշտպանված լինեն։

«Ոչ ոք չի պատրաստվում Քրեական օրենսգիրքը դասավանդել երեխաներին կամ նկարագրել մանրամասն նրանց սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր հանցագործությունները, այսկերպ մտածելը բանական չէ: Կոնվեցիան նշում է, որ այս տեղեկատվությունը երեխաներին տրամադրելը նախևառաջ ծնողների պարտականությունն է, բայց ինչ-ինչ պատճառներով գուցե ծնողը երեխայի դաստիարակությանը ժամանակ չի հատկացնում»,- ասել է պատգամավորը։

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

ՀՀ-ն կոնվենցիան ստորագրել էր 2010-ին սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:

2020-ին այդ փաստաթուղթը վավերացնելով՝ ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---