Կարդալ միլիարդատիրոջ պես․ 5 գիրք ամռան համար՝ Բիլ Գեյթսից

Կարդալ միլիարդատիրոջ պես․ 5 գիրք ամռան համար՝ Բիլ Գեյթսից

PanARMENIAN.Net - Բիզնեսմեն, Microsoft-ի նախագահ, բարերար ու գրքասեր Բիլ Գեյթսը հերթական անգամ 5 գիրք է խորհուրդ տվել՝ 2020-ի ամռանն ընթերցելու համար։

«Ընտրություն» (The Choice) - Էդիթ Էվա Էգեր

«Այս գիրքը կիսով չափ հուշագրություն է, կիսով չափ՝ տրավմատիկ փորձը ղեկավարելու ուղեցույց։ Էգերն ընդամենը 16 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ իրեն ուղարկել են Օսվենցիմ (նսցիստական գերմանիայի համակենտրոնացման ճամբար)։ Վերապրելով այդ անասելի սարսափը՝ նա ԱՄՆ է մեկնել և դարձել թերապևտ։ Այդ յուրահատուկ փորձը նրան տվել է զարմանալի խորաթափանցություն։ Կարծում եմ, որ շատ մարդիկ կարող են սփոփանք գտնել նրա տողերում այն մասին, թե ինչպես հաղթահարել դժվար իրավիճակները»,- կարծում է Գեյթսը։

«Ամպե ատլաս» (Cloud Atlas) - Դևիդ Միտչել

«Սա այն վեպն է, որ կարդալուց հետո դեռ երկար եք քննարկելու։ Գրքի սյուժեն փոքր-ինչ բարդ է բացատրել, քանի որ կազմված է 6 փոխկապակցված պատմությունից, որոնք տեղի են ունենում տարբեր ժամանակներում։ Այդ գծերից մեկն առանձնահատուկ եմ սիրել․ այն պատմում է ամերիկացի բժշկի մասին, ով 19-րդ դարի կեսին աշխատում է Խաղաղ օվկիանոսի նավերից մեկի վրա։ Եվ եթե տրամադրված եք կարդալու համոզիչ պատմություն մարդկային վատագույն և լավագույն որակների մասին, ապա գիրքը կկլանի ձեզ, ինչպես ինձ էր կլանել»,- գրել է միլիարդատերը։

«Ուղևորություն կյանքի ընթացքում» (The Ride of a Lifetime) - Ռոբերտ Այգեր

«Սա բիզնես-գրականության լավագույն գրքերից է, որ կարդացել եմ վերջին մի քանի տարում։ Այգերը հրաշալի աշխատանք է կատարել՝ բացատրելով, թե ինչ է նշանակում լինել գլխավոր տնօրեն՝ մեծ ընկերությունում։ Եթե փնտրում եք գործնական գաղափարներ կամ պարզապես հետաքրքիր ընթերցանություն, կարծում եմ, այն ձեզ դուր կգա», - ասել է Գեյթսը։

«Մեծ գրիպ» (The Great Influenza) - Ջոն Մ․ Բարրի

«Այժմ մենք ապրում ենք աննախադեպ ժամանակաշրջանում։ Բայց եթե փնտրում եք պատմական համեմատություններ, ապա 1918-ի գրիպի պանդեմիային այնքան մոտ է, որքան հնարավոր է պատկերացնել։

Բարրին գործնականում ամեն ինչ կպատմի մարդկության պատմության ամենամահաբեր համաճարակներից մեկի մասին։ Եվ, չնայած 1918 թվականը խիստ տարբերվում է մեր օրերից, այս գիրքը լավ հիշեցում է այն մասին, որ մենք դեռ բախվում ենք նմանատիպ խնդիրների»,- գրել է բիզնեսմենը։

«Լավ տնտեսություն՝ ծանր ժամանակների համար» (Good Economics for Hard Times) - Աբհիջիտ Բաներջի և Էսթեր Դյուֆլո

«Բաներջի և Դյուֆլո ամուսիններն Ալֆրեդ Նոբելի անվան տնտեսագիտության մրցանակի դափնեկիրներ են, մեր ժամանակների ամենախելացի տնտեսագետներից։ Հուրախություն մեզ՝ նրանք շատ լավ են պատմում տնտեսության մասին՝ պարզ լեզվով։ Նրանց նոր գիրքը նվիրված է անհավասարությանն ու քաղաքական անհամաձայնություններին», - պատմել է Գեյթսը։

Նա նաև խորհուրդ է տվել դիտել մի քանի սերիալ, այդ թվում՝ Netflix-ի փաստավավերագրական «Համաճարակ, Ինչպես կանխել տարածումը» (Pandemic: (How to Prevent an Outbreak), «Միլիոնավոր փոքրիկ բաներ» (A Million Little Things), «Սա մենք ենք» (This is Us) և Ozrak-ը։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա