Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունն Արցախում անվճար կդառնա

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունն Արցախում անվճար կդառնա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունն Արցախում անվճար կդառնա։ Այդ մասին հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին Վերջին զանգի առթիվ, գրում է Արցախպրեսը:

«Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»,-ասվում է ուղերձում:

Հարությունյանը նշել է, որ դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտների կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու:

«Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը»,-ասվում է Արցախի նախագահի ուղերձում։

Արցախի հանրակրթական դպրոցներում հրաժեշտ է տվել 3169 շրջանավարտ: 2019-2020 թվականներին Արցախի հանրակրթական 217 դպրոցների շուրջ 3169 շրջանավարտներից հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտել է 1888 աշակերտ, իսկ ավագ դպրոցները՝ 1281:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---