Բազմամարդ մեկօրյա ցույց՝ Կապանում․ Դեպքերը՝ ըստ հերթականության

Բազմամարդ մեկօրյա ցույց՝ Կապանում․ Դեպքերը՝ ըստ հերթականության

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Քաջարանում 4 անձ է ձերբակալվել, որոնք կասկածվում են այլ անձի առևանգման և նրան ծեծի ենթարկելու մեջ, հայտարարել են Քննչական կոմիտեից՝ Կապանում ամբողջ օրը տևած ցույցերի ֆոնին։

Մայիսի 24-ի առավոտից Քաջարանի 4 բնակչի ձերբակալելու և, ըստ համայնքապետ Մանվել Փարամազյանի՝ նրանց նկատմամաբ բռնություն գործադրելու պատճառով Կապանում ընթացող ցույցը դադարել է միայն ուշ երեկոյան։ PanARMENIAN.Net ը հավաքել է մեկ օր տևած բողոքի ակցիայի ամենակարևոր փաստերը։

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ մայիսի 24-ի լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի։

Ըստ համայնքապետի՝ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը սխալմամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Քաղաքացուն ազատ արձակելուց հետո մի խումբ մարդիկ հավաքվել են Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ` պահանջելով, որ մարզպետ Հունան Պողոսյանը գա իրենց մոտ ու բացատրի` ինչ է կատարվում։

Համայնքապետը մեկնաբանել է իրավիճակը, ՄԻՊ-ն արձագանքել դեպքին

Քաջարանի ղեկավար Փարամազյանը հայտնել է, որ օրեր առաջ ոստիկանության կողմից իր և մերձավորների բնակարաններում խուզարկությունները, ինչպես նաև համաքաղաքացիների «անհիմն ձերբակալությունները», քաղաքական հետապնդում են։ Նա կոչ է արել գործողությունների պատասխանատուներին դադարեցնել «ապօրինի ճնշումները» սյունեցիների հանդեպ։ Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու համար:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է` իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկի դատախազություն և ոստիկանություն` Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ։ Նա նշել է` պետք է անմիջապես քրգործ հարուցել։ Դեպքի առթիվ ոստիկանությունում ներքին ծառայողական քննություն է սկսվել։

Մարզպետը հանդիպել է ցուցարարներին

Երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է եկել մարզպետ Հունան Պողոսյանը՝ հայտնելով, որ բռնության ենթարկված քաղաքացու դեպքով պատժվողներ լինելու են, անձամբ ոստիկանապետ Արման Սարգսյանն է այդ մասին ասել։ Պողոսյանն ասել, թե անտեղի ոչ մի բան չի լինում ու նշել, որ տեղի ունեցածի մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ։ Նա հայտնել է, որ իր պաշտոնավարման ժամանակ որևէ քաղաքացու հանդեպ հետապնդման փորձ չի եղել։ Ավելին՝ ըստ նրա՝ եթե որևէ մեկը կարծում է, որ այս ամենի հետևում քաղաքական ենթատեքստ կա, ապա սադրում է։ Պողոսյանը վստահեցրել է` եղածը հարուցված քրգործերից մեկի տիրույթում է։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Պողոսյանը հայտնել է, թե սա այն դեպքն է, երբ ինքը չէր ցանկանա, որ դրա ֆոնին ինչ-որ մարդիկ փորձեն ձեռքեր տաքացնել՝ առանց քրգործի մանրամասներն իմանալու։

Ինչպես ամեն ինչ ավարտվեց

Ուշ երեկոյան Քաջարանի համայնքապետը հայտնել է Կապանում հավաքվածներին, թե ոստիկանությունը խոստացել է՝ Քաջարանում բերման ենթարկված անձանց հանդեպ որևէ բռնություն չի գործադրվելու, իսկ հարուցված քրգործն ընթանալու է օբյեկտիվ ճանապարհով։ Համայնքապետը հայտնել է, որ իրեն երաշխիքներ են տրվել, թե բռնություն գործադրողներն օրենքով սահմանված կարգով պատժվելու են։ Նրա խոսքով՝ եթե երաշխիքները չկատարեն, ապա հետևանքները «շատ վատն» են լինելու։

Նա ասել է նաև, որ Կապանի ոստիկանությունում գտնվող անձանց տեղափոխելու են Երևան, և նրանց հանդեպ քրգործի նախաքննությունը կատարվելու է ԱԱԾ–ում։ Ցուցարարները սպասել են այնքան, մինչև ձերբակալվածները դուրս են բերվել ոստիկանության բաժնից ու մայրաքաղաք տեղափոխվել։ Հավաքը դադարել է միայն դրանից հետո։

Կապանում բազմամարդ ցույցն անցկացվել է արտակարգ դրության պայմաններում և կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։

Photo from Armine Harutyunyan's FB page
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---