System of A Down խումբը չէր պատրաստվում ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ 2009»-ին

PanARMENIAN.Net - «Թուրքական ԶԼՄ-ն պարբերաբար կեղծ լուրեր է տարածում «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին աշխարհահռչակ System of A Down խմբի մասնակցության հաշվով: Վերջերս թուրքական մամուլը տարածեց ապատեղեկատվություն այն մասին, որ Թուրքիան պահանջել է թույլ չտալ System of A Down (SOAD) ռոք-խմբի մասնակցությունը «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին, որն այս տարի կկայանա Մոսկվայում»,- The California Courier շաբաթաթերթում գրում է նրա խմբագիր եւ հրատարակող Հարութ Սասունյանը: Նա հիշեցրել է, որ դեռեւս 2008թ. օգոստոսին խմբի մենակատար Սերժ Թանգյանին հարցրել էին` արդյոք նա շահագրգռված է մրցույթին մասնակցելու գործում, ինչը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության մասին տեղեկացված լինելու մակարդակը բարձրացնելուն: «Թանգյանը պատասխանեց, որ դա բավական հետաքրքիր մտահղացում է եւ նա կարող է համաձայնել նման մրցույթին մասնակցելու: Այդ հարցազրույցից հետո բոլոր ԶԼՄ-ը տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ SOAD պատրաստվում է մասնակցել «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին եւ կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին մի երգ: Դա առաջ բերեց Թանգյանի զարմանքը, որովհետեւ բոլոր այդ հաղորդումները ապատեղեկատվություն են»,-գրում է Հարութ Սասունյանը:



The California Courier-ը մեջբերում է նաեւ թուրքական ընդդիմական պատգամավոր Աքիֆ Էքիչիի հայտարարությունը, վերջինս Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանից պահանջել էր «թույլ չտալ, որպեսզի System of A Down խումբը «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթում Հայոց ցեղասպանության մասին երգ ներկայացնի»: «Պատկերացնու՞մ եք, թե ինչ կպատահի, եթե խումբը նման երգով հաղթի այդ մրցույթում: Արդյո՞ք աշխարհը դրանից հետո պետք է ճանաչի ցեղասպանությունը»,- հարցրել էր Էքիչին: Թուրքական ԶԼՄ այնքան հեռուն գնացին, որ վերջերս Kanal-turk-ը հպարտությամբ հայտարարեց այն մասին, որ թուրքական հասարակության բուռն բողոքի պատճառով Հայոց ցեղասպանության մասին SOAD-ի երգը բացառվել է «Եվրատեսիլ 2009» մրցույթում: Kanal-turk-ը հաղորդել է, որ իբր պաշտոնական Երեւանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ խումբը մասնակցի մրցույթին:



Որպեսզի այս իրադրությունը պարզաբանվի, Սերժ Թանգյանը հանդես եկավ թուրքական եւ հայկական ԶԼՄ կողմից տարածված տեղեկատվության հերքմամբ: «Ոչ ես, ոչ էլ իմ ծանոթներից որեւէ մեկը Եվրատեսիլ մրցույթի մասին երբեք չենք խոսել Հայաստանի կառավարության հետ»,- ասել է Թանգյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---