Թունյան․ ՀՀ-ում բնակարանների միջին տարեկան գույքահարկը 3900 դրամ է

Թունյան․ ՀՀ-ում բնակարանների միջին տարեկան գույքահարկը 3900 դրամ է

PanARMENIAN.Net - Գույքահարկով հարկվող բնակարանների միջին տարեկան հարկը ՀՀ-ում կազմում է 3900 դրամ, իսկ միայն Երևանում կա 3 մլն դրամից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107,000 բնակարան, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշման նախագիծը: Ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Կառավարության այս որոշումը քննադատության առիթ էր դարձել սոցցանցերի որոշ օգտատերերի և ընդդիմության մոտ։

Թունյանը նշել է, որ Հայաստանում կա մոտ 432,000 բնակարան, որոնց 64%-ի (275,000) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է, այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում135,000 բնակարանի համար միջինում վճարվում է տարեկան 1800 դրամ գույքահարկ (ամսական 150 դրամ):

«Հայաստանի 432 հազար բնակարաններից փաստացի գույքահարկ է վճարվում 257 հազարի համար։ Ընդհանուր տարեկան գումարը՝ ընդամենը 1 միլիարդ դրամ։ Հայաստանում կա ընդամենը 6 հազար բնակարան, որոնց կադաստրային արժեքը 20 մլն դրամից (42,000 դրամից) բարձր է և ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է»,- գրել է պատգամավորը։

Նա նշել է, որ Երևանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող $80,000 շուկայական արժեքով 120 քմ բնակարանի համար տարեկան վճարվում է 9000 դրամ գույքահարկ, Շենգավիթում 74 քմ մակերեսով բնակարանի գույքահարկը տարեկան 730 դրամ է (ամսական՝ 61 դրամ):

Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների և գույքահարկի բարձրացմաման պատճառով՝ 580,000 քաղաքացի սկսելու է հարկ վճարել, ինչը չի անում այժմ, այն բերելու է հավելյալ սոցիալական խնդիրներ, պետական համակարգում ավելացնելու է վարչարարությունը, աշխատակիցների քանակը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---