Դիլիջանի քաղաքային այգին արդիականացվել է՝ բացվել է VereV պարանայգին

Դիլիջանի քաղաքային այգին արդիականացվել է՝ բացվել է VereV պարանայգին

PanARMENIAN.Net - Դիլիջանի քաղաքային այգին բարեկարգվել և արդիականացվել է, այն կդառնա հանրային ժամանցի վայր քաղաքում՝ նպաստելով դրա զբոսաշրջային գրավչությանը։

Այգու պաշտոնական բացումը կկայանա, երբ Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը բարելավվի և կայունանա:

Այգու տարածքից ապամոնտաժվել են հին և շահագործման համար ոչ պիտանի կարուսելները:

Զբոսայգու տարածքում բացվել է նաև VereV պարանայգին, որը կդառնա սոցիալական ձեռներեցության նոր մոդել Դիլիջանում՝ պահպանելով հանրային կանաչ տարածքները և ստեղծելով նոր միջավայր ակտիվ սպորտաձևերի և էկոտուրիզմի սիրահարների համար: Այն կխթանի նաև առողջ ապրելակերպն ու տարբեր սպորտաձևերի նկատմամբ հետաքրքրությունը:

Բարեկարգված այգին կընդունի իր այցելուներին IDeA հիմնադրամի կողմից տեղադրված նոր ատրակցիոններով, ինչպես նաև գործընկերների և շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ պահպանված և արդիականացված հին կարուսելներով:

Ամբողջությամբ պահպանվել են և վերամշակվել կանաչ տարածքները, կառուցվել է բասկետբոլի համար նախատեսված խաղադաշտ և համայնքային տարբեր միջոցառումների համար բացօթյա թատրոն, հատկացվել է նաև սեղանի թենիսի համար տարածք:

Բարեկարգման աշխատանքների շնորհիվ Դիլիջանում ստեղծվել է ավելի քան 10 աշխատատեղ՝ ներգրավվելով տեղի բնակիչներին: Քաղաքային այգու հասույթն ամբողջությամբ կուղղվի դրա պահպանմանն ու արդիականացման հաջորդ փուլերին, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերին:

«IDeA հիմնադրամը շարունակական և մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում: Բարեկարգված քաղաքային այգին մաս է կազմում IDeA հիմնադրամի ավելի լայն տեսլականի, այն է՝ Դիլիջանը դարձնելու մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն»,- ասել է հիմնադրամի «Դիլիջանի զարգացում» ծրագրի ղեկավար Նունե Հարոյանը:

Այգու բարեկարգման աշխատանքներն ընթացել են մի քանի փուլով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Զբոսաշրջության և քաղաքային զարգացման» (ТURBO) հարթակի կողմից «Դիլիջանի զարգացում» ծրագրի շրջանակում՝ Դիլիջանի քաղաքապետարանի և Տավուշի մարզպետարանի հետ գործակցությամբ: Նախագծի երկրորդ փուլն իրականցվել է 2020-ին:

Զբոսայգու բարեկարգման առաջին փուլն իրականացվել էր դեռ 2018-ին, որի ընթացքում վերականգնվել էին երկար տարիներ չխնամված և լքված վիճակում գտնվող այգու ճեմուղիներն ու խաղահրապարակը, տեղադրվել էին նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել էր այգու լուսավորությունը։

Քաղաքային զբոսայգին կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից արդեն կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրեր, որոնցից են UWC Դիլիջանի դպրոցը, Համայնքային կենտրոնը, Արվեստների և արհեստների կենտրոնը (MADE), Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---