Փորձաքննությունը հաստատել է՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացուն խեղդել է ոստիկանը

Փորձաքննությունը հաստատել է՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացուն խեղդել է ոստիկանը

PanARMENIAN.Net - Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին խեղդամահ է արել ոստիկանը։ Այդ են վկայում դիահերձման պաշտոնական տվյալները, որոնք հրապարակվել են հունիսի 1-ին։

Փաստաթղթում աֆրոամերիկացու մահը որակվում է որպես սպանություն։ Միևնույն ժամանակ զեկույցում ասվում է, որ այս պարագայում այդ հասկացությունը չի հանդիսանում «մեղավորության կամ մտադրության» իրավաբանական սահմանում՝ իրավական գնահատականը պետք է տան դատական մարմինները, գրում է Deutsche Welle-ն։

Նույն օրը հրապարակվել են Ֆլոյդի ընտանիքի պատվերով կատարված դիահերձման արդյունքները։ Բժիշկները փաստել են, որ «մահը վրա է հասել տղամարդու պարանոցի և մեջքի շրջանում տևական սեղմման» արդյունքում։

Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։

Միննեապոլիսում տեղի ունեցած այս ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրով մեկ։ Ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---