Փոխնախարար․ Սևանի ծաղկման նախնական փուլերը տեսանելի են

Փոխնախարար․ Սևանի ծաղկման նախնական փուլերը տեսանելի են

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը, անդրադառնալով Սևանի խնդիրներին, ասել է, որ կատարվում են ստուգումներ և լճի ծաղկման նախնական փուլերն արդեն տեսանելի են։ Արդեն արձանագրվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը, ըստ մասնագետների, վկայում է, որ արդեն առկա է որոշակի բակտերիաների աճ, և ծաղկման նախնական փուլերն արդեն սկսվել են:

Նա հավելել է, որ կան գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են բերում Սևանա լճի էկոհամակարգի վրա. գլխավոր խնդիրներից է լճի ջրի մակարդակի իջեցումը, որին զուգահեռ տարիներ շարունակ եղել է բացասական ներգործություն կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսքի պատճառով, գրում է Civilnet-ը։

Փոխնախարարը նշել է, որ ծաղկմանը նպաստող գործոններից է նաև մոլորակի գլոբալ տաքացումը և ՀՀ-ի տարածքում արդեն արձանագրված 1.3 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը։ Սևանա լճի խնդիրները նա բաժանել է 2 խմբի՝ քանակական և որակական։ Հաշվի առնելով այդ փաստը՝ մշակվել է ծավալուն փաստաթուղթ, որը ներկայացվել է գործընկերներին, մասնավորապես, ԵՄ-ին:

Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է իրականացնել առաջնահերթ 3 միջոցառում: Առաջինը՝ առնվազն մեկ խոշոր, ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայանի ստեղծում: Երկրորդը՝ գետերի հուների մաքրում՝ հաշվի առնելով, որ Սևանի կենսապաշարը՝ ձուկը, վերարտադրման խնդիր ունի, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ձկնուղիները փակ են, քանի որ գետերը և գետերի հուները աղտոտված են: Երրորդ միջոցառումը Սոթքի լքված հանքի ռեկուլտիվացումն է: Ամենայն հավանակնությամբ, ծրագրերը կմեկնարկեն սեպտեմբերից:

Փոխնախարարն արձանագրել է, որ դեռ 2019-ին գիտնականների և համապատասխան մասնագետների հետ եկել են եզրահանգման, որ Սևանա լճի կանաչումը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ բացասական ներգործությունը լճի էկոհամակարգի վրա եղել է ոչ թե տարիների, այլ տասնամյակների ընթացքում:

«Երբ մենք արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, մենք մտնում ենք էֆտրոֆիկացման, այսինքն՝ լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է, քանի որ կա անվերադարձի նիշ: Եթե մենք չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, մենք փաստացի կարող ենք լիճ կորցնել»,- եզրափակել է Իրինա Ղափլանյանը։

2019-ին Սևանա լիճը հունիս-հուլիսին պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» էր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---