Քաղավիացիա․ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները կթռչեն այլ պետություններ

Քաղավիացիա․ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները կթռչեն այլ պետություններ

PanARMENIAN.Net - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, անդրադառնալով հայկական բոլոր ավիաընկերություններին դեպի Եվրոպա թռչելու արգելքին, հայտարարել է, որ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ։

Քաղավիացիայի հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային այլ ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթերի վրա:

Մայիսի 12-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։

«Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է:

2019-ի նոյեմբերի 20-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լուրջ քայլեր է ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ-ում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: ԵՄ ավիացիոն ոլորտի տնօրեն Ֆիլիպ Կոռնելիսը ՔԱԿ-ի ղեկավարին ուղղված նամակում նշում է. «Ես ուրախ էի տեսնել և արձանագրել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այդ աջակցությունը, Ձեր մասնագիտական կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ, մեծ դեր են խաղում վերոնշյալ խնդիրները լուծելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵՄ անդամ պետությունների ավիացիոն իշխանությունները նույնպես հայտնել են կոմիտեի հետ սերտորեն գործակցելու իրենց պատրաստակամության մասին:

«Համոզված եղեք, որ միասնական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ բոլոր խնդիրները կլուծվեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն հրապարակված ցանկի՝ հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվում է ԵՄ թռիչքներ իրականացնել, քանի որ դրանք չեն համապատասխանում միջազգային անվտանգային չափորոշիչներին։Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia ավիաընկերությունները և Skyball-ը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---