Մեկուսացված և ինքնամեկուսացած վարձու աշխատողներին գուցե ժամանակավոր նպաստ տան

Մեկուսացված և ինքնամեկուսացած վարձու աշխատողներին գուցե  ժամանակավոր նպաստ տան

PanARMENIAN.Net - Ինքնամեկուսացած և մեկուսացված վարձու աշխատող քաղաքացիներին առաջարկվում էնպաստ տրամադրել։ Այդ մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով «Մեկուսացման նպաստ» տրամադրելու վերաբերյալ նախագիծը։

Նրա խոսքով՝ այն անձինք, որոնք այդ՝ ինքնամեկուսացման և մեկուսացման ժամանակահատվածի համար ստացել են աշխատավարձ կամ դրան հավասարաչափ այլ վճարներ, կամ խախտել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը, չեն օգտվի նպաստից, գրում է Panorama.am-ը։

Պատգամավորը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հետադարձ ուժ է ունենալու և տարածվելու է մարտի մեկից ծավալված իրավահարաբերությունների վրա։

Զեյնալյանը հավելել է նաև՝ քանի որ հստակ չէ, թե քանի քաղաքացու մասին է խոսքը, դեռևս որևէ հաշվարկ չկա՝ որքան գումար է ծախսվելու։

Նա նշել է նաև, որ նախագիծը կոչվում է «Մեկուսացման նպաստ», բայց վերաբերում է մեկուսացված և ինքնամեկուսացած անձանց։

Ըստ պատգամավորի՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է՝ նպաստ տրամադրելու ամբողջ բեռը թողնել պետության վրա։

«Երբ հիմնարկը պարետի ցուցմամբ է փակվել, այդ դեպքում նպաստ ևս չի տրամադրվելու։ Սա այն դեպքերին է վերաբերում, երբ կազմակերպությունը գործում է, բայց աշխատակիցների մի մասը պարետի ցուցումով մեկուսացվել կամ ինքնամեկուսացել է։ Ուստի պետությունն ու տնտեսվարողը նպաստի տրամադրման բեռը կիսելու են»,- մեկնաբանել է Զեյնալյանը։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Վերջին անգամ այն երկարացվել է մինչև հունիսի 13-ը։

Արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամ, կամ կալանքով՝ մինչև 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---