Հայաստանն ԱՄՀ-ից $315 մլն վարկ կվերցնի

Հայաստանն ԱՄՀ-ից $315 մլն վարկ կվերցնի

PanARMENIAN.Net - Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից $315 մլն վարկային միջոցներ կստանա, որոնք կուղղվեն բյուջեի ծրագրերի ֆինանսավորմանը։

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և ԱՄՀ միջև 2020-ի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրին:

Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկում է կանխատեսվում, ինչը չի կարող չազդել ՀՀ բյուջեի վրա։

«Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին դեֆիցիտի մեծացման կբերի՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի»,- ասել է նախարարը:

Նախագիծը ներկայացվելու է Սահմանադրական դատարան և Ազգային ժողով:

Ներկա պահին ՀՀ համար հասանելի են ընդհանուր առմամբ մոտ 206 մլն ՀՓԻ ($280 մլն) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ ($35 մլն) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---