Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգ է որոշ պաշտոնյաների պետականացման կոչերով

Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգ  է որոշ պաշտոնյաների պետականացման կոչերով

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության՝ համավարակի շրջանում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին միշտ չէ, որ կարելի է միանշանակ գնահատական տալ, իսկ որոշ պաշտոնյաներ տնտեսության տարբեր ոլորտներում պետականացման կոչեր են անում։

«Ակնհայտ է, որ եղել են և՛ իրավիճակին համապատասխան քայլեր ու լուծումներ, և՛, ցավոք, վրիպումներ: Մեզ՝ գործարարներիս, անշուշտ, ավելի տեսանելի են տնտեսությունում ծագած բարդությունները, գործադիրի խնդիրներն ու բացթողումները: Հարկ ենք համարում նշել, որ այդ սխալները մեծ մասամբ շտկելի են, և ակնկալում ենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Կառավարության որոշ պաշտոնյաներ ու ՀՀ ԱԺ պատգամավորներ այս ընթացքում «ակնհայտ նահանջ են դրսևորում ազատականության գաղափարներից», պատեհ ու անպատեհ առիթներով հնչեցնում տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին։

«Սա հարիր չէ ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն որդեգրած անկախ Հայաստանին և նպաստում է Կառավարության գործունեության նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի ձևավորմանը: Վստահ ենք, որ այս նոր դրսևորումը նույնպես շտկելի է:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը բարձր է գնահատում Հայաստանի գործադիր իշխանության գործադրած ջանքերը մեր երկրի համար այս բարդագույն իրավիճակում: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը՝ միևնույն ժամանակ ակնկալելով թույլ տրված բացթողումների ու սխալների շուտափույթ շտկում, խնդիրների հնարավորինս արագ լուծում և գործադիր իշխանության ներդաշնակ ու նպատակային աշխատանք՝ առանց ազատականության գաղափարներից որևէ նահանջի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---