Կավասակիի ախտանիշով երեխան տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ՝ բուժումը շարունակելու

Կավասակիի ախտանիշով երեխան տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ՝  բուժումը շարունակելու

PanARMENIAN.Net - Կորոնավիրուս տարած Կավասակիի ախտանիշով 4-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ՝ հետագա բուժումը շարունակելու։ Նրա մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ, ասվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 4 տարեկան տղա երեխա, որի մոտ հայտնաբերվել էր Covid-19, երեխան չուներ արտահայտված ախտանիշներ։ 4-օրյա բուժումից հետո երեխան Covid-19 թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու գնացել տուն։ Չորս օր հետո երեխայի ջերմությունը բարձրացել է և նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծանր վիճակում։ Երեխայի մոտ ախտորոշվել է Կավասակի սինդրոմ (առաջին դեպքը):

Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն, զարգացած ներբանների, ափերի, դեմքի, որովայնի էրիտեմատոզ ցանավորում, այտուցներ վերջույթներին ու դեմքին, ինչպես նաև հավաքվել էր հեղուկ որովայնի խոռոչում: Ութ օրվա ընթացքում երեխայի մոտ գրանցվել է բարձր տենդ»,- ասվում է գրառման մեջ։

Կորոնավիրուսի հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո՝ երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այդ ընթացքում կլինիկական պատկերին ավելացել են նաև նոպայաձև ցավեր որովայնի հատվածում, ձութանման կղանք: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղու խոց։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ստացած բուժման ֆոնին երեխայի վիճակը զգալիորեն բարելավվել է։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մոտ հիվանդության ընթացքում դրսևորվել են մի քանի օրգան-համակարգերի ախտահարում, առկա են եղել արտահայտված լաբորատոր բորբոքային ցուցանիշներ և նախորդող Covid-19 վարակ՝ նրա մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ։ Ախտորոշումը տեղի է ունեցել՝ համաձայն ԱՀԿ կողմից առաջարկված չափանիշների։ Հիվանդությունը ախտորոշելուց հետո երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղափոխվել է «Արաբկիր-ԵԴԱԻ» ԲՀ՝ հետագա բուժումը շարունակելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրներում հաղորդվել է հարյուրավոր երեխաների մոտ ծանր ընթացքով մի հիվանդության մասին, որը կապված է Covid-19-ի հետ: Հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, և այլն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---