Վրաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ ապաքինվել է, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքը։
Այսպիսով համաճարակի բռնկումից ի վեր երկրում 810 վարակակիր է գրանցվել, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։
Ապաքինվել է 683 մարդ, 13-ը՝ մահացել։ Կարանտինում 2915 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 237 անձ։
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։
Ադրբեջանում գրանցվել է 314 նոր դեպք, 4 մարդ մահացել է, տեղեկացրել է օպերատիվ շտաբը։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում վարակը հաստատվել է 7553 մարդու մոտ, որից 4149-ը ապաքինվել է, 88-ը՝ մահացել, գրում է Interfax.az-ը։
Հիվանդանոցներում բուժվող 3316 մարդուց 69-ի վիճակը ծանր է, 80՝ միջին ծանրության։
Ադրբեջանում 339,876 անձ է թեստավորվել։
Հունիսի 6-ի կեսգիշերից սկսած՝ մինչև հունիսի 8-ի վաղ առավոտ Բաքվի Սումգայթի, Գյանջայի, Լենկորանի և Ապշերոնյան թաղամասի բնակիչները խիստ կարանտինային ռեժիմում են եղել։