Հակոբյանների 30 տարվա ժամանակավոր կացարանը մինչև տարեվերջ հիշողություն կդառնա

Հակոբյանների 30 տարվա ժամանակավոր կացարանը մինչև տարեվերջ հիշողություն կդառնա

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների համար, ժամանակավոր կացարանը դարձել է բնակության անժամկետ հասցե: Երկրաշարժից հետո ավելի քան 30 տարի ընտանիքն ապրում է 27 քմ մակերեսով վագոն-տնակում, որտեղ 3 երեխա է մեծացել: Աղջիկներն արդեն ամուսնացել են և հեռացել: Կացարանում հիմա տան կրտսեր որդին է ապրում՝ ծնողների հետ: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել:

«Շատ դժվարություններ ենք հաղթահարել այս կացարանում: 90-ականներից այստեղ ենք ապրել: Ներսում ջուր և գազ չունենք, խոհանոց էլ չկա: Մի փոքրիկ հատված ենք հարմարեցրել, որն օգտագործում ենք միայն ամռանը. ձմռանն այնքան ցուրտ է, որ ամեն ինչ սառում է: Անունով խոհանոց է, բայց նպատակին չի ծառայում: Անձրևներից ամբողջությամբ դեֆորմացվել է, առաստաղը պոկվել է և դուրսն ու ներսը չեն տարբերվում: Մենք 7 թոռնիկ ունենք: Երբ ամբողջ ընտանիքս հավաքվում է՝ ներսում կանգնելու տեղ չի մնում»,-ասել է Լարիսա Չալիկյանը:

Հակոբյանների ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Համավարակը փոխել է աջակցության մեթոդները. շինհրապարակում կամավորական խմբեր չկան: Ծրագիրը, սակայն, ընթացքի մեջ է: Մանվելը, փորձում է ավարտին հասցնել տարիների կիսակառույցը: Հայր և որդի համոզված են, որ արտաքին աշխարհի հետ ժամանակավոր սահմանափակումների ընթացքը կարող են շինարարությանը ծառայեցնել:

Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին ընթանում են ակտիվ աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված ընտանիքները ոգևորված են՝ տարիների երազանքն իրականացնելու հնարավորության համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն էլ կարևոր են համարում աջակցության թիրախն ու նպատակը: Վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից մարդկանց ազատելու որոշումն 2020-ին տարածվելու է 37 ընտանիքի վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---