Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայնը»

Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայնը»

PanARMENIAN.Net - «Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» հունիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս հարցով։ Տեղեկությունը հաստատել է Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ»-ի բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը, տեղեկացնում է Սիվիլնեթը։

«Իրականություն է դա, ըստ ընթացակարգի վաճառող կազմակերպությունը դիմում է ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով) և ՀԾԿՀ (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով), «Թիմ» ՍՊԸ-ն իր կողմից է դիմել է ՏՄՊՊՀ՝ գնման թույլտվության համար»,- հայտնել է Բարսեղյանը։

Սիվիլնեթի տեղեկություններով՝ գործարքի նախաստորագրումն արդեն կատարվել է։ Եսայանները «Բիլայնը» ձեռք բերելու համար ամբողջությամբ վարկային միջոցներ են ներգրավել։

«Վեոն»-ի պաշտոնական կայքը նույնպես հայտնում է, որ հայաստանյան «Թիմ» ընկերության հետ քննարկումներ են սկսվել՝ հնարավոր վաճառքի շուրջ՝ շեշտելով, սակայն, որ քննարկումներն անպայման չէ, որ պետք է ավարտվեն վաճառքով։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմի» բաժնետերեր են (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական ներկայացրեց՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Եղբայրները հիմնեցին «Թիմ» ՍՊԸ-ն, որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---