Փաշինյան․ ԲԿ-ները ծավալվում են ըստ անհրաժեշտության, դրանք պետք է բարձրորակ մասնագետներ շահագործեն

Փաշինյան․ ԲԿ-ները ծավալվում են ըստ անհրաժեշտության, դրանք պետք է բարձրորակ մասնագետներ շահագործեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում բուժկենտրոններ ներգրավելիս Առողջապահության նախարարությունը հաշվի է առնում, որ մյուս բաժանմունքները հնարավորինս մեկուսացված լինեն կորոնավիրուսով հիվանդներով բաժիններից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հրապարակմանը։

Արծրունին հունիսի 7-ին հայտարարել էր, որ մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսի բուժման բաժանմունք կա, որը դատարկ է։ Ըստ նրա՝ այն «չէր նկատվում» Առողջապահության նախարարության կողմից, «նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած»։

Այս հայտարարությանն անդրադարձել էր ԱՆ խոսնակը՝ հայտնելով, որ իրենք առաջին անգամ չէ, որ ականատես են լինում համալսարանի ներկայացուցիչների կողմից «ոտք գցելուն» (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո»:

«Առողջապահական ծավալումը միայն շենք և սարքավորում չէ։ Կարևոր է, որ այդ շենքերն ու սաքրավորումներն օգտագործվեն բարձր որակավորման մասնագետների կողմից, որպեսզի լավ վիճակում գտնվող շենքում կարողանանք ապահովել բարձր որակի բուժսպասարկում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են և ինքը դրանց հանգիստ է վերաբերում։

Վարչապետը հիշեցրել է, որ մասնավոր` «Էրեբունի», «Արմենիա», «Աստղիկ» ԲԿ-ները վաղուց են ներգրավված կորոնավիրուսի բուժմանը, իսկ խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է։

«Ինչ վերաբերում է Արծրունու հրապարակմանը, ես տեղյակ եմ, որ դրանից 3 օր առաջ այդ թեման արդեն լուծված է եղել, համապատասխան բուժհաստատության հետ կայացվել է որոշում։ Երեկ մենք կրկին բաց հայտարարություն ենք տվել, որին կարող են արձագանքել։ Երբ դրանց լինեն արձագանքներ, մենք, ըստ այդմ, կարող ենք գնահատել իրավիճակը։ Եվ էլի եմ ասում՝ բժշկական, առողջապահական հիմնարկները ծավալվում են` ըստ անհրաժեշտության»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս իրավիճակում դաշտը երկու մասի է բաժանված և մի կողմում մարդիկ են, որոնք ցանկանում են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատանա։ Նա նշել է, որ այդ շրջանակներն «ավարտվելու են կորոնավիրուսի հետ»։

«ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամաբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի։ Այդ գնահատականի հեղինակներն արժանանլու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի։ Նրանք նետվելու են ՀՀ-ի քաղաքական պատմության աղբանոցը։ Նրանք այնտեղ են դե ֆակտո, այնտեղ լինելու` փաստը կարձանագրվի դե յուրե»,- եզրափակել է վարչապետը։

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---