Փաշինյան․ ՀՀ-ում տարածվող ապատեղեկատվության մեջ հիբրիդային պատերազմի տարրեր կան

Փաշինյան․ ՀՀ-ում տարածվող ապատեղեկատվության մեջ հիբրիդային պատերազմի տարրեր կան

PanARMENIAN.Net - ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հատուկ խումբ է ձևավորվել՝ ուսումնասիրելու, թե արդյոք կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման հետ կապ ունեն օտարերկրյա հատուկ ծառայությունները կամ նրանց հետ առնչվող շրջանակներ։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձևավորված խումբը պարզելու է՝ արդյոք կարող են լինել քաղաքական կամ ոչ քաղաքական ուժեր, որոնք, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են ապատեղեկատվության տարածման համար փողեր ծախսել։

Փաշինյանը պատմել է մի դեպքի մասին, թե տաքսի նստած մի կին զանգել է ինչ-որ տեղ, ներկայացել որպես վարչապետի աշխատակազմի անդամ և ճշտել՝ «վարչապետի պատվիրած» ժամացույցի համար պետք է վճարել 35,000 դոլար է թե եվրո։ Վարչապետի խոսքով՝ տաքսու վարորդը, ում մեքենայում կատարվել է զանգը, խոսակցությունը տարօրինակ է համարել, հետևել է կնոջն ու տեսել, որ նա նստում է այլ տաքսի։

«Պարզ է, չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է և պետք է հասկանալ՝ այն ՀՀ օրենսդրությամբ ինչ որակման է արժանի։ Կարող է՝ ընդամենը պետք է բացահայտել կապերը, հրապարակել և դրանով վերջացնել։ Կարող է այլ հետևանքներ բերի, իսկ որ հիբրիդային պատերազմի էլեմենտներ կան այս ամենի մեջ, ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը։

«Ապատեղեկատվություն կա ոչ միայն բուն հիվանդության, այլև ուղեկցող երևույթների մասին։ Օրինակ՝ ձեզ հայտնի շրջանակների կողմից թեզ է շրջանառվում. նրանք ասում են՝ տեսեք կորոնավիրուսի կոնտեքստում ավելի շատ զոհ ունեցանք, քան Քառօրյա պատերազմում։ Թվում է՝ այս ինչ խփող փաստարկ է և մեղադրանք։ Բայց ուզում եմ ասել, որ, օրինակ, ԱՄՆ-ում կորոնավիրուսից ավելի շատ զոհ է եղել, քան Իրաքի և Քուվեյթի պատերազմները միասին վերցրած»,- ասել է Փաշինյանը՝ նման մոտեցումը համարելով մանիպուլատիվ։

Վարչապետը նշել է, որ նախորդ տարիներից կարելի է դիտարկել կամայական 4 օր և տեսնել, որ այլ հիվանդություններից ավելի շատ զոհ է եղել, քան Քառօրյայի ընթացքում։

Փաշինյանն ավելի վաղ ևս անդրադարձել էր կորոնավիրուսի համավարակի ընթացքում տարածվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ պետք է բացահայտել դրանց ծագման աղբյուրն ու նպատակը։ Նա հայտարարել էր, որ Հայաստանում կան ուժեր, որոնք համավարակի ընթացքում ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---