Աշոտյան․ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ հերթական քաղհետապնդումն է իրականացվում

Աշոտյան․ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ հերթական քաղհետապնդումն է իրականացվում

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։

Նա նշել է, որ դա են ապացուցում ԱԺ-ում խայտառակ քննարկումը և Գլխավոր դատախազի անտրամաբանական և լղոզված պնդումները։

Աշոտյանը նշել է, որ իշխանության ներկայացուցիչների պնդումները, թե քրեական գործերը վաղուց էին հարուցված, և պրոցեսը կապ չունի ԲՀԿ-ի վերջին հայտարարությունների հետ, քննադատության չեն դիմանում, որովհետև «Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են՝ նա պահեստավորում է, զակատ է անում այդ գործերը և բացում է ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության»։

Ըստ Աշոտյանի` տարօրինակ է, որ «Լուսավոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ, առիթից օգտվելով, հիշատակում են ՀՀԿ-ի գրասենյակների մասին։

«Տղաներ և աղջիկներ, նիկոլական լակոտապետության իրավապահ խամաճիկները այս երկու տարի է Հանրապետականի տեղը լավ գիտեն և բազում քաղաքական հետապնդման գործեր հարուցել են մեր հանդեպ, որոնց առնչությամբ դուք լուռ եք։ Ձեր՝ նման ընտրովի «արդարամտությունն» ոչ միայն ազնիվ չէ , այլև մեզ կրկին փուռը տալու գործելաոճը չգրված բարոյականության կանոններով թողնում է «ազդարարի» տպավորություն։ Ի վերջո, չե՞ք մտածում, բա որ իմ համակարգչի մեջ, օրինակ, ձեզ հետ տարիների ընթացքում եղած շփումների տարաբնույթ արձանագրումները ԱԱԾ-ն առգրավի և հրապարակի»,-ասվում է գրառման մեջ։

Աշոտյանը նաև համերաշխությունն է հայտնել քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բոլոր ուժերին և գործիչներին։

2015-ին Արմեն Աշոտյանը բավականին մեծ դերակատարում ունեցավ ԲՀԿ-ին քաղաքականությունից հեռացնելու գործում, երբ նա Ծառուկյանին համեմատում էր փորձանոթում աճեցրած հրեշի հետ և հնչեցնում էր նրա հայտնի մականունը։ 2015-ին, Ծառուկյանի՝ իշխանափոխության կոչ անող հայտարարությունից 1 ամիս անց, նա հայտարարեց քաղաքականությունից և ԲՀԿ-ից հեռանալու որոշման մասին, իսկ կուսակցության ղեկավարությունը ստանձնեց Նաիրա Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---