Կարապետյան․ Ընտրական համակարգը ձևախեղողները չպետք է մասնակցեն քաղաքական կյանքին

Կարապետյան․ Ընտրական համակարգը ձևախեղողները չպետք է մասնակցեն քաղաքական կյանքին

PanARMENIAN.Net - Բոլոր ուժերն ու անձինք, որոնք ՀՀ-ում նպաստել են ընտրական համակարգի ձևախեղմանը, չպետք է մասնակցեն քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նա նշել է, որ ՀՀ-ում ընտրությունների մեխանիզմն «ախտահանված է» եղել, անհրաժեշտ է հոգ տանել, որ այն զերծ մնա քաղաքական համակարգի բացասական ազդեցությունից։

«Այս թեման թեժ քննարկումների առարկա է դարձել ԱԺ-ում։ Ես կարծում եմ, որ հանրային համաձայնությունն այս հարցում հնարավոր է, եթե մեր ժողովրդի մեջ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք մասնակցել են ընտրական համակարգի ձևախեղմանը, խոստովանեն այդ մեղքը։ Մենք այս արատի դեմ կկարողանանք պայքարել միայն այն դեպքում, եթե որպես հանրություն կարողնանաք խոստովանել և հասկանալ այն ահավոր աղետը, որը մեր երկրում եղել է տասնամյակների ընթացքում։ Եթե չլինի այս ձևը և մենք մշտապես արդարացումների հանդիպենք, միակ մեթոդը գործում կմնա պատիժը։ Մենք բոլորս, մեր գործողությունների կամ անգործության համար պետք է մեղքներս խոստովանենք»,- հայտարարել է նա։

Հունիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ում պետք է արգելվի այն կուսակցությունների գործունեությունը, որոնք համակարգված կերպով բռնանում են ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը։ Ավելի վաղ ԱԺ-ն համաձայնություն էր տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու գործընթաց սկսելուն։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---