Ավինյան․ Ֆիրդուսի թաղամասում 2-4 հարկանի փայտե պատշգամբով շենքեր կկառուցվեն

Ավինյան․ Ֆիրդուսի թաղամասում 2-4 հարկանի փայտե պատշգամբով շենքեր կկառուցվեն

PanARMENIAN.Net - Ֆիրդուսի թաղամասի կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Օրեր առաջ ակտիվիստներն ահազանգել էին, որ թաղամասի հին շենքերից մեկը քանդում են: Այդ հրապարակումները լայն արձագանք էին ստացել ու քննադատության արժանացել։ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել էր, որ Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն այդ շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում։

Նա նշել է, որ նախատեսվում է վերարժևորել շենքերի հետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

«Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»,-գրել է Ավինյանը։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ հայտնել էր, որ 10,000 շինարար Ֆիրդուսում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, և այդ ծրագիրը տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ այն կասեցնելը՝ սաբոտաժ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---