Ընդհանուր $2.7 մլն-ի օգնություն ԱՄՆ-ից՝ Covid-19-ի դեմ պայքարի համար

Ընդհանուր $2.7 մլն-ի օգնություն ԱՄՆ-ից՝ Covid-19-ի դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պանդեմիայի սկզբից ի վեր 2.7 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, ասվում է Պետքարտուղարության հաղոդագրության մեջ:

Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին, ըստ Պետքարտուղարության, գերազանցել է $1 մլրդ 57 մլն-ը, որից մոտ $106 միլիոնը տրամադրվել է առողջապահության ոլորտին:

Տարածաշրջանում Պետքարտուղարությունը օգնություն է տրամադրել նաև Հայաստանի հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին:

Վրաստանին օժանդակությունը գրեթե նույնն է, ինչ Հայաստանին: ԱՄՆ-ի վերջին շրջանի օգնությունը Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում կազմում է 2․7 միլիոն դոլար: Վրաստանին տրամադրված ընդհանուր օգնությունը կազմում է ավելի քան 3.6 միլիարդ դոլար, որից առողջապահության չափաբաժինն է մոտ 139 միլիոնը:

Տարածաշրջանում ամենամեծ գումարը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ տրամադրվում է Ադրբեջանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Վերջինիս ծրագիրը ևս ունի գրեթե նույն նպատակները, ինչպես Հայաստանի ու Վրաստանի ծրագրերը, սակայն տրամադրվող գումարը ավելի մեծ է՝ մոտ 3.6 միլիոն դոլար:

Վերջին 20 տարում Ադրբեջանը տարածաշրջանմում ընդհանուր առմամբ ամենաքիչ ամերիկյան օգնություն ստացած երկիրն է: Ընդհանուր օգնությունը մոտ 895 միլիոն դոլար է, որից առողջապահական ոլորտին է ուղղվել մոտ 41 միլիոնը:

ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ մինչ այս պահը Covid-19-ի դեմ ամերիկյան գլոբալ արձագանքի համար հատկացվել է ավելի քան 12 միլիարդ դոլար: Պետքարտուղարության և ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության միջոցով ավելի քան 120 երկրի կառավարություն ստացել է 1.2 միլիարդ դոլարի աջակցություն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---