ՍԴ 3 դատավորի լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով թոշակի ապահովման նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

ՍԴ 3 դատավորի լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով թոշակի ապահովման նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի՝ պաշտոնավարումը դադարած երեք դատավորի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ կկատարվեն։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրինագիծը։

Դատավորներին կնշանակվի կենսաթոշակ, որը նախատեսված է ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով (12 տարի պաշտոնավարում)։

ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կառավարության, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ներկա չեն եղել նիստին։

Այժմ ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է Աշոտ Խաչատրյանը։ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ինքն արձակուրդում է։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր