Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է աշխատանքի 15 տարին

Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է աշխատանքի 15 տարին

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է իր գործունեության 15 տարվա արդյունքները: Գործունեության հիմնական ձեռքբերումներն ու դրանց հիմքում ընկած արժեքները ներկայացված են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձում, ինչպես նաև ընկերության յություբյան պաշտոնական էջում:

Վիվա-ՄՏՍ-ն անցել է երկար ուղի՝ իր բջջային հզոր ցանցը հասանելի դարձնելով բնակչության 99.8%-ին: Վիվա-ՄՏՍ-ը ՀՀ-ում առաջինն է գործարկել ինչպես երրորդ սերնդի (3G) համահանրապետական ցանցը, այնպես էլ՝ չորրորդ սերնդի (4G) ցանցը 2010-ին` Հայաստանն ընդգրկելով 4G ցանց ունեցող պետությունների առաջին տասնյակում:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վիվա-ՄՏՍ-ի առաքելության մեջ: 15 տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է մոտ 29 միլիարդ դրամի սոցիալական ներդրում՝ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում:

«Վիվա-ՄՏՍ-ի ցանցը կառուցվել է զրոյից, ու թերևս դա է պատճառը, որ մեր թիմն այսքան կուռ ու համերաշխ է: Մենք միասին ենք կայացել ու կայանում, միմյանցից ենք սովորել ու սովորում, մենք մարդիկ ենք, ովքեր միասին երկար ճանապարհ են անցել, միմյանց ձեռք մեկնել, միմյանց ճանաչել: Ու մեր սիրելի բաժանորդների հետ միասին, մենք մեծ ուժ ենք», - նշել է գլխավոր տնօրենը ֆեյսբուքյան տեսաուղերձում:

2005-ին մուտք գործելով շուկա՝ Վիվա-ՄՏՍ-ն արմատապես փոխեց տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավիճակը. վերացավ մենաշնորհը բջջային կապի ոլորտում: Բջջային կապը դարձավ լիովին հասանելի: Ապահովվեց մրցակցային առողջ միջավայր ու ընձեռվեց օպերատորի ընտրության հնարավորություն:

«Մենք եղել ենք Վիվասել, դարձել ենք Վիվա-ՄՏՍ: Միջուկը Վիվան է, հայի կողմից ստեղծված արժեքը, որն ունի հայկական ինքնություն, հայեցի մտածելակերպ, հայկական ոգի», - նշել է ընկերության գլխավոր տնօրենը:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ավելի քան 2 միլիոն բաժանորդ: Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ընկերությունը դեռ շատ երիտասարդ է ու շատ խոստումնալից:

Վիվա-ՄՏՍ-ի ձեռքբերումները բազմաթիվ են տեխնոլոգիաների, նորարարական առաջարկների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ISO միջազգային մի շարք ստանդարտների համապատասխանության առումով: Ընկերության հիմնական ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ըստ տարիների, ներկայացված են Youtube-յան տեսանյութում:

Վիվա-ՄՏՍ-ը նոր բարձունքների է հասել նաև գործարար կառավարման ոլորտում: Խիստ մրցակցության պայմաններում բջջային կապի շուկայի մոտ 59% մասնաբաժին պահպանող Վիվա-ՄՏՍ-ն ունի ռազմավարական զարգացման առանձնահատուկ մոդել:

Ներկայում ընկերությունը փոխակերպման (digital transformation) փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն, որի գործառույթների շրջանակը շատ ավելին է, քան հեռահաղորդակցային ծառայությունների տրամադրումը: Ըստ այդմ՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---