Ծառուկյանի կալանավորումը մերժելու դեմ բողոքի քննությունը հետաձգվել է

Ծառուկյանի կալանավորումը մերժելու դեմ բողոքի քննությունը հետաձգվել է

PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով նիստը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է։ Քննվելու էր նրա հանդեպ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը, գրում է Aysor.am-ը։

«Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով էր ուղարկվել, այս պահին դատարան չէր հասել, և, ըստ էության, կարճ ժամկետում էր ներկայացվել դատական նիստը, քանի որ օրենքի պահանջն էր այսպիսին։ Բնականաբար, քանի որ դատարանը և կողմերը չէին ստացել բողոքների մի մասը և չէին ծանոթացել դրանց, այսօր այսքանով ավարտվեց։ Որևէ քննություն այսօր չեղավ», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---