ՊՎԾ․ 10 ջութակ ու 2 ալտ գնելուց մոտ $50,000 է հափշտակվել

ՊՎԾ․ 10 ջութակ ու 2 ալտ գնելուց մոտ $50,000 է հափշտակվել

PanARMENIAN.Net - 2012-ին ՀՀ կառավարության որոշմամբ մեկնարկած «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախագիծը չի իրականացվել, աշխատանքները կատարել պարտավորված ՍՊԸ-ն պետական սեփականություն համարվող հողամասը գրավադրել է 194 մլն դրամով, իսկ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված երաժշտական գործիքների գնման գործընթացում մոտ 24.3 մլն դրամ է հափշտակվել, հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) մասի հատկանիշներով, գործը ՀՀ քննչական կոմիտեում է։

2012-ին որոշվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու և Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով վերնահարկ` որպես համերգային դահլիճ: Նշված տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են ՍՊԸ-ին։ Կաթսայատան և վերնահարկի շինաշխատանքների նախահաշիվը կազմել է 102 մլն դրամ, իսկ հողամասի և կաթսայատան շուկայական արժեքը 2012-ի դրությամբ կազմել է 100 մլն դրամ:

ՀՀ մշակույթի նախարարության և ըկերության միջև կնքված պայմանագրով շինարարության ավարտի ժամկետ է սահմանվել 2․5 տարին, իսկ պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է նախարարության վրա։

Պարզվել է, սակայն, որ ՍՊԸ-ն, իր ակտիվում ունենալով միայն նշված հողամաս, 2016-ի սեպտեմբերին այն օտարել է 160 մլն դրամով, իսկ 2019-ին` գրավադրել է բանկում՝ գնահատվելով 194 մլն դրամ: ՊՎԾ-ից հայտնում են, որ ՀՀ կառավարության որոշման մեջ ներառվել են անշարժ գույքի և շինաշխատանքների արժեքի վերաբերյալ առերևույթ կեղծ տվյալներ:

2015-ին որոշվել է, որ երաժշտական դպրոցի համար նախատեսված շինաշխատանքների փոխարեն ՍՊԸ-ն պետք է ձեռք բերի 82.4 մլն դրամ արժեքով երաժշտական գործիքներ։ 2016թ. մայիսի 12-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ ընդունվել են 83.6 մլն դրամ արժեքով երաժշտական գործիքները: Սակայն ՀՀ ՊՎԾ աշխատակիցների նախաձեռնած փորձաքննությամբ պարզվել է, որ դրանից ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնված 47.2 մլն դրամ արժեքով 10 ջութակի և 2 ալտի իրական շուկայական արժեքը կազմում է 22.9 մլն դրամ կամ 24.3 մլն դրամով պակաս է:

ՀՀ-ում 2007-ից մինչև 2016-ի սեպտեմբեր մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Հասմիկ Պողոսյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---