Արտաքին ինչ քաղաքականություն է վարելու ՀՀ-ն․ Հրապարակվել է ազգային ռազմավարությունը

Արտաքին ինչ քաղաքականություն է վարելու ՀՀ-ն․ Հրապարակվել է ազգային ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը արտաքին քաղաքական առաջնահերթություններն իրականացնում է երեք սկզբունքի հիման վրա՝ ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության։ Այս մասին նշվում է Անվտանգության խորհրդի հրապարակած ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

Փաստաթղթում ներկայացվել են Հայաստանի համար արտաքին առավել նպաստավոր միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ քայլերը։

1. Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է՝ պայմանավորված հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար:

2. Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:

3. Հայաստանը կարևորում է դաշնակիցների կողմից միմյանց շահերի և փոխօգնության սկզբունքների նկատմամբ հարգանքը։ Հայաստանը կշարունակի սերտ համագործակցել համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային դերակատարների հետ, որոնք հանդես են գալիս խաղաղության և կայունության պահպանման դիրքերից և պատրաստ են համագործակցել խաղաղությանը սպառնացող վտանգների զսպման գործում:

4. Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում։

5. Հայաստանը կշարունակի խորացնել ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի հետ՝ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդման ուղղություններով։

6. Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը։ Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև մարդկանց շփումների և շարժունակության ակտիվացման ուղղությամբ։

7. Հայաստանի համար մեծ կարևորություն ունի կայունությունը հարևան Վրաստանում և Իրանում: Հայաստանը զարգացնելու է արդյունավետ փոխգործակցությունը այս երկրների հետ տարբեր ուղղություններով՝ միաժամանակ զերծ պահելով այդ հարաբերությունները աշխարհաքաղաքական կողմնակի ազդեցություններից:

8. Հայաստանը շարունակելու է զարգացնել Հայաստան--Հունաստան-¬Կիպրոս եռակողմ համագործակցության ձևաչափը:

9. Հայաստանը խորացնելու է Չինաստանի և Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունները:

10. Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաձևավորման գործընթացներում Հայաստանը պետք է ունենա իր ներգրավվածությունը, որը միտված կլինի նաև տարածաշրջանի երկրներում հայության պատմական ներկայության պաշտպանությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---