16 հուլիսի 2020 - 16:04 AMT
Ադրբեջանի կրթության գիտության նախարարը՝ ԱԳՆ ղեկավար

Ադրբեջանում արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Էլմար Մամեդյարովը, նրա փոխարեն նշանակվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ջեհյուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է Turan.az-ը։

Հայտնի է, որ նա ծնվել է 1973-ին, ունի տնտեսագետի և իրավաբանի կրթություն։ ԿԳ նախարար էր նշանակվել 2013-ից։

Հուլիսի 15-ին Ալիևը կոշտ քննադատել էր Մամեդյարովի գլխավորությամբ ԱԳՆ աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերին ու վերջին ամիսների ընթացքում։

«ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», - ընդգծել էր Ալիևը։

Նա նաև բողոքել էր, որ Մամեդյարովն աշխատում է տանից։

Արտգործնախարարի պաշտոնը Մամեդյարովը զբաղեցնում էր 2004 թվականից։