ՔԿ. Հուլիսի 12-ից ի վեր 36 զինծառայող ու 2 ոստիկան է վիրավորվել

ՔԿ. Հուլիսի 12-ից ի վեր 36 զինծառայող ու 2 ոստիկան է վիրավորվել

PanARMENIAN.Net - Հակառակորդի կրակից հուլիսի 12-ից 16-ը 36 զինծառայող է վիրավորվել ու 2 ոստիկան: Այդ մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից՝ նշելով, որ հարուցվել է 30 քրգործ՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմը խախտելու, Ժնևյան կոնվենցիաների պահանջների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու, խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով:

«Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա: Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ: Քրգործերով ամբողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Ըստ ՔԿ-ի՝ հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքից, 82 մմ և 120 մմ ականանետերից, Դ-30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայից արձակել են մոտ 150 կրակոց: Արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել և քննվում է 30 քրգործ:

Նախաքննությունները կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է Տավուշ, եղել Բերդ քաղաքի, Չինարի և Այգեպար բնակավայրերի դեպքերի վայրերում: Կատարվել են զննություններ, զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորյային քննչական բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---