18 հուլիսի 2020 - 10:21 AMT
Արցախի ՊԲ-ն հակառակորդի Orbiter-3 անօդաչու է խոցել

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՊԲ-ն:

Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության Orbiter-3 հետախուզական ԱԹՍ-ն կարողանում է թռչել 7 ժամ, զարգացնում է 55-103 կմ/ժամ արագություն, թռիչքի հեռավորությունը 100 կմ է, իսկ բարձրությունը՝ 5486 մ։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, մոտ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ» դիրքը և հետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ին և հուլիսի 18-ի գիշերը իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել։