18 հուլիսի 2020 - 14:12 AMT
Հրդեհ՝ Նանտի տաճարում․ Կրակը մեկուսացվել է, Նոտր Դամի սցենարը չի կրկնվի

Ֆրանսիայի Նանտ քաղաքում հուլիսի 18-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարում, փոխանցում է Figaro-ն։

Առավոտյան հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, հրշեջ-փրկարարական ծառայության պետ Լորան Ֆերլեյը հայտնել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի սցենարի մեջ չեն։

Տաճարի ներսում կրակի 3 օջախ է եղել, ինչը թույլ է տալիս ենթադրություններ անել նաև կրակի ծագման «հանցավոր ճանապարհի» մասին։

Նանտի տաճարը երկրի գոթական խոշոր եկեղեցիներից է, որն ընդամենը 6 մետր է ցածր Փարիզի Աստվածամոր տաճարից։ Դրա կառուցման համար պահանջվել է 457 տարի (1434-ից 1891-ը)։

2019-ի ապրիլի 15-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում։ Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։ 850 տարեկան կոթողի տանիքն ամբողջությամբ այրվել էր։ 2020-ին հայտարարվել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը կվերակառուցվի այնպես, ինչպես հրդեհից առաջ էր։