18 հուլիսի 2020 - 16:20 AMT
Թունյանը՝ Մոսկվայում ծիրանի խնդրի մասին․ Չպետք է անհետևանք մնա

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և երկրում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ Այս մասին հայտնել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Սակայն սա չպետք է անհետևանք մնա։ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում՝ «Ֆուդ Սիթիում», արգելել են հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Հայ ֆերմերները պատմում են, որ իրենց առաջարկել են հանել հայկական տարբերանշանը և անցկացնել շուկա։ Նրանք հրաժարվել են։ Ռուսաստանի տարբեր վայրերից հայերը շտապում են Մոսկվա՝ գնելու բեռնատարներում մնացած ծիրանը։