Հրապարակում 17 հարկանի հյուրանոց կառուցելու առաջարկը մերժվել է․ Եվս 4 առաջարկ է քննարկվել

Հրապարակում 17 հարկանի հյուրանոց կառուցելու առաջարկը մերժվել է․ Եվս 4 առաջարկ է քննարկվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը մերժել է Հանրապետության հրապարակին կից՝ Արամի փողոցում 17 հարկանի հյուրանոց կառուցելու առաջարկը, փոխանցում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Խորհրդի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը, քննարկվել է 5 նախագիծ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ Հանրապետության հրապարակին կից բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման էսքիզային երեք տարբերակն էլ միաձայն համարվել են անընդունելի և մերժվել:

Խորհրդի անդամների խոսքով՝ «Մանկական աշխարհ» հանրախանութի հարևանությամբ նախագծված ծավալուն կառույցն առավել կընդգծի Հանրապետության հրապարակից բացվող արդեն իսկ աղճատված տեսարանը: Առաջարկվել է մշակել հարակից կառույցների բարձրությանը համարժեք շինության նախագիծ:

Քաղաքաշինական խորհուրդը մերժել է նաև Խորենացի 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա հատվածներով բարձրահարկ համալիր կառուցելու նախագիծը: Ճարտարապետն ու մասնագետները բացառել են մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի տվյալ հատվածում այդպիսի կառուցապատումը՝ չդիտարկելով նույնիսկ ճարտարապետական լուծումները:

Եղվարդի խճուղու 2/18 հասցեում երեք մասնաշենքով և հասարակական տարածքներով բարձրահարկ բազմաբնակարան բնակելի համալիրի ճարտարապետական առաջադրանքն արժանացել է խորհրդի մեծամասնության հավանությանը:

Խորհրդի անդամները քննարկել են նաև Ուլնեցու 32/4, 32/14, 32/15, 32/16, 32/17 հատվածներում բնակելի թաղամասի կառուցման քաղաքաշինական ներդրումային ծրագրի առաջարկը։ Առավել ցածրահարկ, կանաչապատման գերիշխող լուծումներով առաջարկ կմշակվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---