Դրական միավոր ստացած դիմորդները կարող են առանց քննության ընդունվել՝ հեռակա

Դրական միավոր ստացած դիմորդները կարող են առանց քննության ընդունվել՝ հեռակա

PanARMENIAN.Net - Դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև դիմել հեռակա համակարգով ընդունելության՝ պահպանելով դրական գնահատականը կամ բարձրացնելով այն, բողոքող դիմորդների ծնողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

2020-ին առաջին հայտին գերակայություն տալու պատճառով մի շարք դիմորդներ չեն կարողացել ընդունվել բուհ՝ չնայած հավաքած բարձր միավորներին։ Նրանց ծնողները մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով վերանայել ընդունելության կարգը կամ հնարավորություն տալ երեխաներին սովորել նախընտրած ֆակուլտետում։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ դրական միավորներով նախընտրած ֆակուլտետ չընդունված մոտ 739 դիմորդից 550-ն արդեն դիմել են ընդունելության լրացուցիչ փուլին, որն անցկացվում է՝ ըստ առկա թափուր տեղերի։

Նախարարության առաջարկով, Գնահատման և թեստավորման կենտրոնն այժմ քննարկում է լրացուցիչ փուլին դիմելու ժամկետը երկարաձգելու հարցը։ Դրա արդյունքների ամփոփումից հետո դրական միավորներ ստացած, սակայն նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդները կարող են դիմել բուհերի հեռակա համակարգում սովորելու, որտեղ ևս ընդունելությունը կատարվելու է մեկ քննությամբ։ Փաստացի դրական միավոր ստացած դիմորդները կարող են առանց քննության ընդունվել նաև հեռակա համակարգ՝ ներկայացնելով ԳԹԿ-ի տրամադրած դրական միավորի հավաստագիրը։

Անդրադառնալով դիմորդների ներկայացուցիչների առաջարկությանը, որ Կառավարությունը դրական միավորներ ստացած դիմորդներին կարող է ավելացնել լրացուցիչ տեղեր, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը նշել է, որ ի սկզբանե տրամադրվել են առավելագույն թվով տեղեր՝ հաշվի առնելով բուհերի լիցենզիաներով սահմանված տեղերի քանակը։

Դիմորդների ներկայացուցիչները խոստացել են իրենց առաջարկը գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։

Ընդհանուր առմամբ, 2020-ին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հայտ է ներկայացրել 13,000-ից ավելի դիմորդ, 2200-ը ստացել է անբավարար միավոր` դուրս մնալով մրցույթից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---