Փաշինյան․ Մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ, բայց կայունությունը ոչինչ չի ասում

Փաշինյան․ Մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ, բայց կայունությունը ոչինչ չի ասում

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10,000-ից ցածր են, հիմքեր կան պնդելու, որ ՀՀ-ն մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, սակայն անհրաժեշտ է ավելի զգոն լինել և հետևել հակահամաճարակային կանոններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ հիմքեր կան նաև պնդելու՝ աշնանը կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ ևս ՀՀ-ն կարող է ավելի լավ դիմակայունություն ունենալ, եթե պահպանվեն հակահամաճարակային կանոնները։

Անդրադառնալով դիմակների պարտադիր կրմանը՝ Փաշինյանն ասել է, որ եթե դրա հետ կապված փոփոխության անհրաժեշտություն լինի, Կառավարությունն առաջինը կանի, կարիք չկա լսելու որոշ շրջանակների «անպատասխանատու հայտարարությունները»։

«Եթե մենք դա չենք անում, ուրեմն դա հնարավոր չէ կամ խելամիտ չէ։ Այս կայունությունը ոչինչ չի ասում, կարող է վաղը թվերը փոխվեն»,- ասել է Փաշինյանը՝ հորդորելով հետևել հակահամաճարակային կանոններին։

Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ է նաև, որ դինամիկա կա և այժմ չի կարելի տուրք տալ անպատասխանատու հայտարարություններին։

«Դիմակի կրումը հակահամաճարակային պրոցեսում անկյունաքարային նշանակություն ունի։ Իմ կոչն է, որ այս հարցում ավելի ու ավելի համախմբվենք, որ աշնանը համաշխարհային առումով ևս պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է, որ երկրում կորոնավիրուսից մոտ 700 մարդ է մահացել, ինչը, ըստ նրա, սարսափելի վիճակագրություն է։

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---