PicsArt-ը վիդեոխմբագրման նոր հավելված է գնել. Beeline Startup Incubator-ի շրջանավարտն է

PicsArt-ը վիդեոխմբագրման նոր հավելված է գնել. Beeline Startup Incubator-ի շրջանավարտն է

PanARMENIAN.Net - PicsArt-ը գնել է իր առաջին ընկերությունը՝ Beeline Startup Incubator-ի 3-րդ շրջափուլի շրջանավարտ D'efekt հավելվածը։ D'efekt հայկական ստարտափը հնարավորություն է տալիս արհեստական բանականության շնորհիվ ստեղծել տարատեսակ վիզուալ նյութեր։

PicsArt-ն աշխարհում ամենամեծ հաջողության հասած ստարտափներից է, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 54 միլիոն դոլար: Այն հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել լուսանկարներ, պատկերներ և տեսանյութեր։

Իսկ D'efekt-ը կենտրոնանում է վիդեոխմբագրման վրա՝ օգտատերերին հնարավորություն տալով կիրառել motion էֆեկտներ տեսանյութերի վրա:

D'efekt-ի գնումը թույլ կտա PicsArt-ին ներգրավել TikTok-ի, YouTube-ի և Instagram-ի պես հավելվածների օգտատերերին՝ օգնելով նրանց ստեղծել ավելի գրավիչ տեսանյութեր: Այս պահին հավելվածների միավորում չի նախատեսվում, սակայն շուտով D'efekt-ը կստանա նոր անվանում, որը կպարունակի PicsArt բառը։

«Մեծ պատիվ է միանալ PicsArt ընկերությանը, որի գործունեությանը հետևել ենք հենց ստեղծման պահից: Ուրախ ենք, որ շուտով D’efekt-ը կդառնա մի բրենդի մաս, որն ունի անհավանական ստեղծագործական գործիքներ ու բովանդակություն, ինչպես նաև հավատարիմ լսարան: Անհամբեր սպասում ենք, երբ պիտի մեր հավելվածը հասանելի դառնա հարյուր միլիոնավոր օգտատերերի համար, և տեսապատմություններ անող մի ամբողջ սերունդ կկարողանա կիրառել լավագույն վիդեո էֆեկտները», - ասել է D’efekt ստարտափի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նանե Թումանյանը:

«Մենք միշտ շատ ենք հպարտանում մեր ստարտափերի հաջողություններով, և PicsArt-ի նման գիգանտի հետ գործարք կնքելը մեծագույն ձեռքբերում է: Վստահ եմ, աշխարհի շատ ստարտափներ երազում են նման արդյունքի մասին, բայց մենք իհարկե ուրախ ենք, որ դրան հասավ հենց հայկական ստարտափ, որն անցել է մեր ինկուբատորի դպրոցը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline ստարտափ ինկուբատորը՝ BANA-ն՝ Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի հետ միասին իր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների աճին և այդպիսով ապահովում է ստարտափների ելքը միջազգային շուկա։

14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով թրեյնինգներ։

Թիմերը նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---