Eurocontrol. ՀՀ օդային երթևեկությունը հուլիսին 2019-ի համեմատ նվազել է մոտ 90%-ով

Eurocontrol. ՀՀ օդային երթևեկությունը հուլիսին 2019-ի համեմատ նվազել է մոտ 90%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում նկատվել է եվրոպական մայրցամաքում օդային երթևեկության կտրուկ անկում։ Eurocontrol-ի տվյալներից երևում է, որ հուլիսին տարեկան կտրվածքով թռիչքները կրճատվել են մոտ 90%-ով։

Չնայած Eurocontrol-ը (Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը) ԵՄ գործակալություն չէ, Եվրահանձնաժողովը լիազորել է «Միասնական Եվրոպայի երկինք» նախագծի համակարգողի գործառութները։ Կազմակերպության գործունեության հիմնական նպատակն օդային երթևեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգի հիմնումն է:

Eurocontrol-ը հրապարակել է յուրաքանչյուր երկրի օդային երթևեկության շաբաթական տվյալները։ Կազմակերպության ներկայացուցիչը PanARMENIAN.Net ին բացատրեց, որ դրանք չեն ներառում երկրի օդային տարածքով իրականացվող և տարանցիկ թռիչքները։

Տվյալները ցույց են տալիս, որ 2020-ի 30-րդ շաբաթվա ընթացքում (հուլիսի 20-26-ը) օդային երթևեկությունը Հայաստանում նվազել է 88%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29-րդ շաբաթվա ընթացքում (հուլիսի 13-19-ը) ՝ 89%-ով, իսկ 28-րդ շաբաթվա ընթացքում (հուլիսի 6-12-ը)՝ գրեթե 91%-ով:

«Դեպի որոշակի երկրներ և երկրներից թռիչքների հավանական զարգացումների պայմաններում կարելի է ակնկալել, որ դա մեծապես կախված է լինելու ճանապարհորդական սահմանափակումներից, որոնք սահմանված են երկրներում»,- նշեց կազմակերպության ներկայացուցիչը։

Մարտի կեսին Հայաստանում արտակարգ դրություն սահմանվեց՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Թեև ավիափոխադրումները գրեթե դադարեցվել են, մի շարք չարթերային թռիչքներ են կազմակերպվել ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---