Երևանը կարգելի թուրք ռազմական տեսուչներին գալ Հայաստան

Երևանը կարգելի թուրք ռազմական տեսուչներին գալ Հայաստան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին) պայմանագրի անդամ երկրների, տեղեկացնելով, որ Երևանը կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը ՀՀ տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Նախկինում հայ ու թուրք տեսուչներն այցեր էին կատարում 2 երկրի տարածքում, նաև զորամասեր այցելելով։ Այցերը տեղի էին ունենում ԵՍԶՈՒ պայմանագրի կատարմանը հետևելու միջազգային գործընթացի շրջանակում։Թուրք տեսուչները ՀՀ էին այցելել, մասնավորապես, 2015-ի հոկտեմբերի 11-14-ը, հայ տեսուչները Թուրքիայում էին 2018-ի սեպտեմբերի 17-ից 22-ը։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներն ու Ադրբեջանին սատարող գործողությունները։ Դրանց, դրսևորում է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը, հայտնում է ԱԳՆ-ն։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է ՀՀ անվտանգային շահերից և մտահոգություններից:

«ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից․․․ բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին», - նշվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա