Վանեցյանը չի բացառում, որ կհանդիպի Քոչարյանի, Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հետ

Վանեցյանը չի բացառում, որ կհանդիպի Քոչարյանի, Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հետ

PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ առաջիկայում հանդիպումներ կունենա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ քաղաքական բոլոր ուժերի հետ», - ասել է նա, գրում է Aysor.am-ը:

Հարցին, թե արդյոք ժողովուրդը կկարողանա համախմբվել ընդդիմության շուրջ և փողոցներ փակելով՝ երկրորդ անգամ իշխանություն փոխել, ինչպես վերջին հարցազրույցում համոզմունք էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Վանեցյանը պատասխանել է․ «Միանշանակ»:

«Համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, լինելու են շատ ակտիվ քաղաքական պրոցեսներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք զարգացումներ»,- հավելել է նա:

Վանեցյանն ասել է նաև, որ իրականում երկիրը շատ բարդ իրավիճակում է, ծանրագույն:

« Իշխանությունը ձախողել է բոլոր ուղղություններով կատարված աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջև: Գործ անելու փոխարեն իշխանությունը զբաղված է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելով», - նշել է Վանեցյանը:

Ավելի վաղ Վանեցյանը կանչվել էր ԱԱԾ, բայց հրաժարվել էր ընթացող քննության շրջանակում բացատրություն տալ՝ նշելով, որ որևէ կարգավիճակ չունի։

ԱԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ ԱԱԾ նախկին տնօրենը 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին, մինչդեռ ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---