Պանդեմիայի պատճառով ՀՀ-ում 10 մլն ծառ տնկելու նախագիծը 2020-ին չի արվի

Պանդեմիայի պատճառով ՀՀ-ում 10 մլն ծառ տնկելու նախագիծը 2020-ին չի արվի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի պատճառով կառավարությունը 2020-ին չի կարողանա իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը: Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է՝ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին:

«Բայց մենք անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Մենք հիմա ավարտին ենք հասցնում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ ձևակերպել ենք մինչև 2050 թ. Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը որպես ռազմավարական խնդիր»,- ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը: Այսինքն, գործադիրը ՀՀ-ն պատկերացնում է որպես բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եվ այս ոլորտում, ըստ վարչապետի, մեծագույն մարտահրավերները սկսում են կենցաղից և ավարտվում արդյունաբերական մակարադակով:

2020 -ին ՀՀ-ում նախատեսվում էր 10 մլն ծառ տնկել, ծրագիրը լինելու էր համահայկական, սակայն բանակցություններ էին տարվում այլ երկրների հետ՝ համատեղ ֆինանսավորում իրականացնելու համար։ Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ բարեկամ երկրներից մեկը խոստացել է 1 մլն տնկի անվճար տրամադրել Հայաստանին։

Առանձնացվել էին այն տարածքները, որտեղ լինելու էր ծառատունկը, և որոշվել էին տնկվող ծառերի տեսակները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---